Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը

Սուրբ ծնունդի օրերին, երբ մեր հոգիները լցվում են աղոթքի և գոհաբանության զգացողությամբ, մեր հայրենիքի պատմության մեկ այլ, ցավոտ էջ է գրվում։ Ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր, մոլեգնում են նրանք, ովքեր փնտրում են զոհեր՝ իրենց հիվանդագին մտագարության գոհացման համար։

Այս անգամ, «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգի ներքո, հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը։ Բարեվարքության մասին խոսողները, ապաշխարության և պահեցողության փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով։

Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին։ Եվ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները, որոնք ցավոք ստիպում են մտածել, թե ինչպես է մեր ժողովուրդը կարողանում պահպանել իր հավատը և հույսը։

Սակայն մենք պետք է հիշենք, որ նման դեպքեր մեր եկեղեցին հաղթահարել է բազմիցս։ Հուսով եմ, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և կիրականացնի ճիշտ ախտորոշումը։ Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո։

Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները։

Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց, ձեզ և մեզ մեծ ավետիս։

Օրհնությամբ՝
Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26