ԵՄ դիտորդական առաքելությունը խթանում է խաղաղության օրակարգը և դարձնում է Հայաստանը անվտանգության ապահովման ակտիվ մասնակից։

Ես կարող եմ հաստատել, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում արդեն իսկ ակնհայտորեն ազդում է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման վրա՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ։ Այս գնահատականը հիմնված է ԵՄ-ի կողմից իրականացվող գործընթացների և նպատակների վրա, որոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացմանը։

Մեր առաքելության հիմնական ուղղությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության բարձր մակարդակը ապահովելն է։ Մենք ոչ միայն քաղաքական աջակցություն ենք մատուցում, այլև գործնական օգնություն՝ ուղղված մարդկային անվտանգությանը։

Մեկ այլ կարևոր ձեռքբերում, որը ցանկանում եմ ընդգծել, Հայաստանի մասնակցությունն է Եվրոպական խաղաղության գործիքին։ Այս համաձայնագործության շրջանակում առաջին միջոցառումը, որի շուրջ մենք աշխատում էինք, ավարտին է հասցվել։ Այս նախագծի շրջանակում իրականացվում են գնումներ, որոնք ուղղված են Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ սարքավորումների և ռեսուրսների ապահովմանը։

Կարևոր է նշել, որ խոսքը ոչ թե մահաբեր աջակցության մասին է, այլ անվտանգության ապահովման բազմակողմանի մոտեցման մասին։ Անվտանգության համակարգը բաղկացած է ոչ միայն զինվորական հզորությունից, այլև կազմակերպչական կարողությունների, գործառնական ֆունկցիոնալության, թիկունքային ապահովման և բուժծառայության բարելավումից։ Մենք ակտիվորեն աջակցում ենք այս բոլոր կողմերին՝ համագործակցելով Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ։

Ավելի ուշ մենք համաձայնության ենք եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին։ Այս ծրագրի միջոցով Հայաստանը ոչ միայն ստանում է մեր օգնությունը, այլև դառնում է անվտանգության ապահովման գործընթացի ակտիվ մասնակից։

Իրական գործընկերությունը հենց այս համատեղ աշխատանքի մեջ է՝ համատեղ դասեր քաղել, միավորել ռեսուրսները և միասին աշխատել խաղաղության և անվտանգության համար։ Այս մոտեցումը թույլ է տալիս մեզ ոչ միայն լուծել ներկայիս մարտահրավերները, այլև կառուցել ավելի ամուր և կայուն հիմքեր ապագայի համար։