Հայաստանի ԱԺ ընտրությունները դարձել են արտաքին խաղացողների բացահայտ միջամտության առարկա

Իմ տեսակետով, Հայաստանի Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները արդեն դարձել են արտաքին խաղացողների բացահայտ միջամտության առարկա։ Այդ «խաղացողները» որոշել են խառնվել մեր պետության ներքին գործերին ու, որ հատկանշական է տվյալ դեպքում, դա սկսել են անել անթաքույց, բացեիբաց։

Այս իրավիճակի ամենաակնհայտ ապացույցներից մեկը Եվրամիության կողմից արված հայտարարությունն է, որը, փաստորեն, բացահայտորեն հայտարարեց, որ «քեշ փող» է դնում ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների վրա։ Չափազանց պարզ հասկացրեցին Փաշինյանի իշխանությանը, թե ինչ ուզում են՝ արեք, կուզեք՝ մոլդովական տարբերակով, կուզեք՝ ավելի վատ, «փողը տված ա»։ Սա ոչ թե պարզապես աջակցություն է, այլ բացահայտ հրահանգ՝ իշխանությանը, թե ինչպես պետք է գործել։

Հիմա արդեն «պարահանդեսին» միացավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ բացահայտ հայտարարելով, թե Հայաստանի առաջիկա ընտրություններում իրենց «սրտի թեկնածուն» Նիկոլ Փաշինյանն է, նրան են իրենք աջակցում։ Թուրքական պետական գործիչի նման հայտարարությունը, որը նույնիսկ չի փորձում թաքնվել կասկածանքի տակ, ցույց է տալիս, թե որքան խորը և համակարգված է այս միջամտությունը։

Ստացվում է, որ այն ամենը, ինչ վերջին տարիներին ու հատկապես 2025-ի ընթացքում անում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, սկսյալ Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց քաղաքականության հետևանքներից մինչև ՀԷՑ-ի խլում և ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները, այսինքն՝ այն ամենը, ինչ Հայաստանի և հայ ժողովրդի շահերից չի բխում, լիովին տեղավորվում է, համապատասխանում է Արևմուտքի և Թուրքիայի ծրագրերին։ Դե, հասկանալի է՝ գումարած Ադրբեջանը։