Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպության փորձագիտական աջակցությամբ, հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» նախագիծը։
Այս նախագիծը հաջորդում է 2023-2025 թվականների ազգային ծրագրին, որի իրականացման ընթացքում ձեռնարկվել են մի շարք կարևոր քայլեր՝ ուղղված թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը։ Այս աշխատանքների շրջանակում իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, կատարելագործվել են զոհերի նույնացման և աջակցության մեխանիզմները, ինչպես նաև ներդրվել են զոհերին տրամադրվող ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչներ։
Ծրագրի իրականացման ընթացքում, սակայն, նաև արձանագրվել են նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են համակարգված և նորարարական մոտեցում։ Դրանք ներառում են կանխարգելմանն ուղղված իրազեկման միջոցառումների հասցեականության և ազդեցության ընդլայնման անհրաժեշտությունը, միջազգային և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում գործողությունների ավելի մեծ համակարգվածություն և տեղեկատվության փոխանակման արագություն պահանջելը, աշխատանքի շուկայի զարգացումների և առցանց հարթակների տարածման հետ կապված նոր ռիսկերը, որոնք բարձրացնում են աշխատանքային շահագործման և կեղծ զբաղվածության վտանգը, ինչպես նաև միգրացիոն ալիքների ինտենսիվությունը, որը ստեղծում է նոր խոցելի խմբեր և բարձրացնում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի վտանգը։ Բացի այդ, զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայությունները դեռևս պահանջում են մասնագիտական կարողությունների և տարածքային հասանելիության խորացում։
Նոր ծրագիրը նախատեսում է հաստատել 2026-2028 թվականների ընթացքում իրականացվելիք համապարփակ գործողությունների փաթեթ, որը կուղղվի հիմնականում այս մարտահրավերների հաղթահարմանը։ Այն նախատեսում է զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները, ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստումների իրականացում և մասնագիտական կարողությունների զարգացում, ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը, խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառումը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին, ինչպես նաև ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։