ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին, որը Երևանում է հայաստան-իրանական քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հարցերը։ Կողմերը ընդգծել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը և անդրադարձել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իր հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ «Ըստ էության, դրանք մեզ համար ռազմավարական նշանակության հարաբերություններ են։ Եվ պատահական չէ, որ նախագահ Փեզեշքիանը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս՝ արդեն ընթացիկ, տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի»,- ասել է նախարարը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայաստանի հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։

Հանդիպման արդյունքում կողմերը հաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու երկկողմ համագործակցությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խթանմանը։