Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի առաքելության ավարտի կապակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։

Վարչապետը նշել է, որ տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական մակարդակի։

Քրիստինա Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։