Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ «OdaTV» լրատվական կայքում հրապարակված հոդվածը, որում պնդվում է, թե «պատմական որոշում» է կայացվել և «հայ ժողովուրդը» դուրս է գալիս Սահմանադրությունից, ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը։
Ներկայացվող տեղեկատվությունը խեղաթյուրում է Նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները։
Նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացվում է Արդարադատության նախարարության կողմից։ Գործում է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որի կազմում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհրդի նախագահը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է։
Խորհուրդն աշխատում է համակարգված և մանրակրկիտ՝ քննարկելով Սահմանադրության յուրաքանչյուր գլխում առաջարկվող փոփոխությունները։ Նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր առաջարկված փոփոխություն լինի հիմնավորված, հաշվի առնվեն մասնագիտական կարծիքները, ինչպես նաև հասարակական և քաղաքական շահերի լայն տեսանկյունը։
Արդարադատության նախարարությունը նկատում է, որ Խորհրդի քննարկումները, առաջարկությունները և ընդունված որոշումները դեռևս չեն հանդիսանում նոր Սահմանադրության տեքստը։ Վերջնական որոշումը կընդունվի հանրաքվեի միջոցով։ Սահմանադրության ցանկացած փոփոխություն կկատարվի միայն այն դեպքում, եթե հանրաքվեով կհաստատվի նոր Սահմանադրություն ընդունելու հարցը։
Այս գործընթացն արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական սկզբունքների պահպանումը և ընդգծում է, որ վերջնական խոսքը պատկանում է միայն ժողովրդին։
Արդարադատության նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցներին և հանրությանը հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա և զերծ մնալ անհիմն ենթադրություններից։ Նոր Սահմանադրության տեքստը հանրաքվեի կդրվի համապետական ընտրություններից հետո։