Հանրային քննարկման է ներկայացվել որոշում, որի նպատակն է պաշտպանել Հայաստանի տեղական մետալուրգիական ոլորտը և խթանել ավելացված արժեք ունեցող արտադրությունների զարգացումը։
Այս որոշման համաձայն, որը նախատեսվում է կիրառել 6 ամսվա ընթացքում, արգելվում է երրորդ երկրներից սև մետաղից պատրաստված նախապատրաստվածքների ներմուծումը։ Այս քայլը, ինչպես նշվում է, ուղղված է կանխելու տեղական ձուլվածքներ և ամրաններ արտադրող ձեռնարկությունների գործունեության դադարի հետ կապված հնարավոր վտանգները։
Այս որոշումը հաջորդում է մի շարք նախորդ կառավարական քայլերի։ 2025 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում, որի համաձայն «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող պողպատե ամրանների ներմուծման լիցենզիաների համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով։
Ավելի վաղ, նպատակ ունենալով խթանել տեղում սև ու գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և ավելացված արժեքով արտադրանքների արտադրությունը, կառավարությունը արգելել էր սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը, ինչպես նաև սահմանափակել էր սև մետաղից պատրաստված պարզ և ցածր ավելացված արժեք ունեցող որոշ ապրանքների ներմուծումը։