Դեկտեմբերի 4-ին, Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսի հետ։
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Պորտուգալիայի միջև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության մակարդակը։ Նրանք վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը տեղեկացրել է իր գործընկերոջը 2026 թվականին Հայաստանում նախատեսվող երկու կարևոր միջոցառումների մասին՝ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը (EPC)։ Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ երկու միջոցառումների շրջանակում ներառական, կառուցողական և համագործակցային երկխոսության ապահովմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Զրուցակիցները ընդգծել են քաղաքական և տնտեսական կապերի խորացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը նաև անդրադարձել են ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին։